«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Օրենքի իշխանությունը» Հայաստանի համար լուրջ փոփոխություն չի կրել

«Օրենքի իշխանությունը» Հայաստանի համար լուրջ փոփոխություն չի կրել
22.08.2008 | 00:00

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տարբեր գնահատականներ են տրվում Հայաստանի ներկա տնտեսական և քաղաքական իրավիճակին, այնուամենայնիվ, որոշակի անաչառություն կարելի է ակնկալել միջազգային կազմակերպությունների կարծիքներից: Մասնավորապես, Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած «Համաշխարհային կառավարման չափորոշիչները 1996 - 2008 թթ.» ամենամյա զեկույցում տրված են աշխարհի 212 երկրների ցուցանիշները կառավարման 6 հիմնական չափորոշիչների գծով:
Դրանք սահմանվում են՝ օգտագործելով 35 միջազգային կազմակերպությունների գնահատականները: Հայաստանը զեկույցում ընդգրկված է 1998-ից: Գլխավոր չափորոշիչներն են՝ «Ձայն և հաշվետվողականություն», «Քաղաքական կայունություն», «Կառավարության արդյունավետություն», «Կարգավորման որակ», «Օրենքի իշխանություն» և «Կոռուպցիայի վերահսկողություն»: Այս բոլորը գնահատվում են 0-ից մինչև 100 միավորով: Ամենաբարձր առաջընթացն արձանագրված է «Կարգավորման որակ» և «Քաղաքական կայունություն» չափորոշիչների գծով: Կառավարման որակ ասելով, սովորաբար, հասկացվում է կառավարության կարողությունը` կարգավորելու մասնավոր հատվածի զարգացումը, և հիմնականում հաշվի են առնվում նոր ընկերություններ գրանցելու և դրանց գործարար միջավայր մուտք գործելու հետ կապված բյուրոկրատական արգելքները, որոնք մեր երկրում իսկապես նվազել են, սակայն դրանով դժվար թե ամբողջական պատկերացում կազմենք կառավարման իրական որակի մասին: Ինչ վերաբերում է քաղաքական կայունությանը, ապա հաշվի են առնվում հակասահմանադրական գործընթացները երկրում, որը, իր հերթին, ՍԴ որոշումն ու կեցվածքն է` տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Միաժամանակ քաղաքական կայունությունը կարիք ունի շատ ավելի խորքային միտումների բարելավման, որտեղ խիստ ուսանելի է Արևելյան Եվրոպայի երկրների վերջին տարիների փորձը: «Օրենքի իշխանություն» չափորոշիչը Հայաստանի համար վերջին տարիներին որևէ լուրջ փոփոխություն չի կրել: Այն հիմնականում արտացոլում է հասարակական զարգացման օրենքները, ներառյալ` որոշումների և գործարքների ուժի մեջ մտնելը, ոստիկանության, դատական համակարգի գործունեությունը, քրեական ուժերի ազդեցությունը հասարակության մեջ: Անզեն աչքով անգամ տեսանելի է, թե ինչ ահռելի գործ կա անելու մինչև իրականում օրենքի իշխանության երկրների հետ համադրելի մակարդակ ձեռք բերելը: Այս առումով կարծես երկրի ներկա իշխանություններին այլ ընտրություն չի մնում, քան օրինականության, կարգ ու կանոնի հաստատումը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում:
Զեկույցի հեղինակները, որոնց հիմնական սնուցող աղբյուրները, բնականաբար, տեղական փորձագետներն են, հետընթաց են արձանագրել «Ձայն և հաշվետվողականություն» չափորոշիչի գծով: Վերջինս բնութագրում է մարդկանց ազատության աստիճանը` տեղական և համապետական ընտրություններում, ինչպես նաև մամուլի ազատության և այլ հարակից խնդիրներում: Նահանջ է արձանագրվել նաև «Կառավարության արդյունավետությունը» ցուցանիշի գծով, որը հանրային ծառայությունների որակի, քաղաքական ճնշումներից պետական ծառայության ազատության և քաղաքականության ձևավորման որակի գնահատականն է: Հասկանալի է նաև, որ հետընթաց պետք էր ակնկալել այնպիսի չափորոշիչի գծով, ինչպիսին է «Կոռուպցիայի վերահսկողությունը», որը ցույց է տալիս, թե ինչ չափով է պետական իշխանությունը ներգրավված ապօրինի գործարքների մեջ, որը ենթադրում է փոքր ու մեծ կոռուպցիայի դրսևորումները, պետության կախվածության աստիճանը էլիտար խմբերից և մասնավոր շրջանակներից:
Այս առումով կարևոր է հիշել մոտ մեկ տասնամյակ առաջ Արգենտինայում ծայր առած տնտեսական և քաղաքական ճգնաժամը, որի հետշոկային ցնցումները չեն դադարել մինչ օրս: Ի թիվս այլ պատճառների, այդ երկրին լուրջ վնաս հասցրին ակնկալվող օրինաչափությունների այնպիսի «շեղումները», ինչպիսին է, օրինակ, քաղաքական և ֆինանսական վերնախավերի (էլիտար խմբերի) սերտաճումը` ի հակադրություն ֆինանսական և տնտեսական խմբերի սերտ համագործակցության, ֆինանսաարդյունաբերական խմբերի ձևավորման և այլն: Խիստ անցանկալի էին նաև կլանների ձևավորումները և դրանց կողմից հասարակական կյանքի տարբեր ոլորտներում վերահսկողության սահմանումը: Այսօր անցյալի արատավոր երևույթներն արմատախիլ անելու համար պայքարում են արդեն ոչ միայն տեղական իշխանությունները, այլև միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ու մասնագետներ:
Զեկույցի համահեղինակ, Համաշխարհային բանկի կառավարման ինստիտուտի տնօրեն Դանիել Կաուֆմանի կարծիքով, հիշյալ ցուցանիշների գծով առաջընթացն արտացոլում է բարեփոխումների արդյունքներն այն երկրներում, որտեղ քաղաքական առաջնորդներն ու քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը և մասնավոր հատվածը դիտարկում են արդյունավետ կառավարումն ու կոռուպցիայի վերահսկողությունը որպես կայուն զարգացման կարևորագույն նախապայման: Հիշարժան է նաև զեկույցի այն հատվածը, որն արձանագրում է կառավարման արդյունավետության նկատելի առաջընթաց անգամ Աֆրիկայում, ուր միտումները նախորդ տարիներին առանձնահատուկ լավատեսության առիթ չէին տալիս: Հավանաբար, զեկույցի հեղինակներն անուղղակիորեն ակնարկում են, որ իրական բարեփոխումները սկսվում են այն շրջանից հետո, երբ ամեն ինչ երկրում հայտնվում է այնպիսի վիճակում, որից ավելի վատթար հնարավոր չէ պատկերացնել: Կարելի է եզրակացնել, որ յուրաքանչյուր երկիր ունի վատթար իրավիճակի վերաբերյալ սեփական պատկերացումը: Միգուցե մեզ համար արժե՞ սահմանափակվել արծարծված չափորոշիչների գծով արձանագրված այսքան անցանկալի հետընթացներով և առա՞ջ նայել… Համոզված եմ, որ տնտեսական և քաղաքական առաջընթացի իրական ռեսուրսները ոչ միայն չեն սպառվել, այլև նոր-նոր են ձևավորվում: Խոսքը, իհարկե, առաջին հերթին մարդկային ռեսուրսների մասին է:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 8078

Մեկնաբանություններ